Без заголовка
Գրագողությունը համացանցում
Գրագողությունը որևէ մեկի աշխատանքը պատճենելն է, և այն առանց աղբյուրին հղում կատարելու, սեփական աշխատանքում օգտագործելը: Գրագողությունը սերտորեն առնչվում է հեղինակային իրավունքի հետ, այսինքն կատարել գրագողություն նշանակում է խախտել հեղինակային իրավունքը, որի ոլորտը չափազանց ընդարձակվել է շնորհիվ նոր տեխնոլոգիաների, դրանք կյանքի կոչեցին ստեղծագործություններն ամբողջ աշխարհում տարածելու նոր ուղիներ, ինչպիսիք են արբանյակային հեռարձակումը, CD, DVD-ները , ինտերնետը: Ինտերնետում հասանելի ցանկացած տեղեկատվություն այն ստեղծողի սեփականությունն է;
Համացանցն այսօր ընձեռում է շատ հնարավորություններ: Դա վերաբերում է նաև գրագողությանը: Կատարելագործված թվային տեխնոլոգիաները թույլ են տալիս հեշտությամբ և գերազանց կրկնօրինակել ցանկացած թվայնացված տեղեկատվություն` ներառյալ հեղինակային իրավունքով պահպանվող ստեղծագործությունները:
Համացանցից մշտապես օգտվողների համար հարց է առաջանում, արդյոք այն ինֆորմացիան, որը հրատարակվել է, հանրության սեփականությունը չէ, և մի՞թե չի կարելի այն ազատ տիրապետել կամ տնօրինել: Սակայն պարզվում է, որ ոչ: Այստեղ որոշողը հեղինակն է, ով կարող է թույլատրել կամ արգելել իր նյութի վերերտադրությունը տարբեր ձևերով, այդ թվում տպագիր հրատարակությունը կամ ձայնագրությունը, օրինակների տարածումը, թարգմանությունը այլ լեզուներով կամ վերափոխումը:
Հեղինակային իրավունքը չի հարատևում անորոշ ժամանակով; Օրենքը նախատեսում է որոշակի ժամանակահատված, որի ընթացքում գործում են այդ իրավունքները: Հեղինակային իրավունքի գործողության ժամկետը սկսվում է ստեղծագործության ստեղծման պահից, կամ ինչպես հաճախ նշվում է ստեղծագործությունը նյութական տեսքով արտահայտելու պահից: Համացանցում հայտնված ինֆորմացիան կամ ստեղծագործությունը ևս դրա հեղինակի հեղինակային իրավունքների ազդեցության ոլորտում է:
Չնայած հեղինակային իրավունքի առկայությանը, այն կարելի է հեշտությամբ շրջանցել: Նախ կան այդ իրավունքի որոշ սահմանափակումներ, որոնք օգտագործելով ինֆորմացիա քոփիփաստ անողները/գրագողերը/ կարող են արդարացնել ինֆորմացիայի արտատպումը: Այսինքն ինֆորմացիան կարելի է ազատ օգտագործել, երբ պահպանվող ստեղծագործությունից քաղվածք է մեջբերվել` մեջբերման նպատական արդարացնեղ ծավալով, սեղծագործությունն ու դրա քաղվածքը օգտագործվել է լուսաբանման նպատակով` ուսուցողական բնույթի հրատարակություններում, ստեղծագործությունը օգտագործվել է տեղեկատվական նպատակներով:
Այսպիսով ստացվում է, որ ինֆորմացիոն կայքը կարող է վերցնել լուրը մեկ այլ նմանատիպ կայքից, օգտագործել առանց հղում կատարելու և հետո պարզապես ասել, որ դա կատարվել է միայն տեղեկատվություն տրամադրելու համար և չհամարել գրագողություն: Հայաստանյան մի շարք լրատվական կայքերում կարելի է գրեթե բառացիորեն կրկնվող նույն լուրերը գտնել, ու այս դեպքում հարց է առաջանում. Գործե՞լ է քոփիփաստը, թե մեր լրագրողների բառապաշարն ու մտածելակերպն են նույն:
Ինֆորմացիոն այս դարաշրջանում հեղինակային իրավունք հասկացությունը մի տեսակ նույնիսկ հնացել է, այն չի կարող գործել և չի էլ գործում: Շատ հազվադեպ են այն դեպքերը, երբ տվյալ կայքը կամ նյութի հեղինակը դատական կարգով փորձում է ապացուցել իր իրավունքները և փոխհատուցում ստանալ: Եթե դիտարկենք ավելի ռեալ, ապա դա անհնարին չլինելու դեպքում գոնե դժվար ապացուցելի փաստ է: Եթե մի քանի տարի առաջ ֆայլի ստեղծման ամսաթվով կարելի էր ապացուցել, որ ստեղծագործության հեղինակը դուք եք, ապա ներկայումս ինտերնետում կա օնլայն ծառայություն, որին ուղարկելով տեքստը, որոշակի գումարի դիմաց կարելի է փոխել ամսաթիվը: Իսկ ընդհանուր առմամբ, եթե համացանցում կատարվել է գրագողություն, ապա դժվար թե այն սայթը, որը կատարել է գրագողություն լուրջ սայթ լինի: Մեծ լսարան ունեցող ցանկացած լրատվամիջոց չի տպի ինչ-որ մեկի հոդվածը ամբողջությամբ: Նրանում կլինեն փոքրիկ մեջբերումներ, կամ հղումներ:
Հաճախ շատ ստեղծագործողներ, բլոգերներ, լրագրողներ և այլոք պարզապես այդպես էլ չեն իմացել, որ իրենց նյութը արժանացել է արտատպվելու <<բախտին>>: Այժմ կա դա ստուգելու բավական հեշտ ու մատչելի տարբերակ` COPYSCAPE ինտերնետային կայքում մուտքագրելով հեղինակի նյութը COPYSCAPE-ը համացանցում կհայտնաբերի բոլոր այն կայքերը, որոնց բովանդակությունը համընկնում է տվյալ նյութի բովանդակությանը: Գրագողության հետ սերտորեն առնչվող մյուս <<ինտերնետային>> տերմինը copyrigհt-ն է, որը բառացիորեն նշանակում է պատճենման իրավունք, գլխավորապես վերաբերում է այն գործողություններին, որոնք կարող են իրականացվել միայն գրական-գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակների կողմից կամ նրանց թույլտվությամբ:
Համացանցային գրագողության բավական հետաքրքիր դեպքերից մեկն էլ վերջերս Ռուսաստանում էր եղել, երբ հեղինակի բանաստեղծությունից տպավորված բլոգերը իր բլոգում տեղադրում է նմանատիպ սցենարով պատմություն, այնուհետև դա ընթերցում ու հավանում է գլխավոր հեռուստաընկերություններից մեկի ռեժիսորը, նկարում է ֆիլմ, տեղադրում ինտերնետում ու այդ ֆիլմը պատահաբար տեսնում է բանաստեղծության հեղինակը: Դատական կարգով նա պահանջել էր վերականգնել իր հեղինակային իրավունքները: Ի վերջո դատավարությունը լուծվել էր հաշտության գալով, քանի որ հեռուստաընկերությանը ավելի ձեռնտու էր, խոստովանելով իր սխալը, սցենարի հեղինակ համարել բանաստեղծին ու նրան փոխհատուցում տրամադրել, քան զուր ժամանակ կորցնել և ձեռք բերել գրագողի համբավ:
Գրագողությունը համացանցում այնքան է տարածվել, որ ոչ ոք արդեն չի զարմանում, երբ սոցիալական կայքերից ասենք համադասարանցիներ-ում ժամեր առաջ արտահայտած իր միտքը տեսնում է իր էջի հյուրերից մեկի կարգավիճակում :
Սոցիալական մյուս կայքերում էլ սա պակաս տարածված չէ, բանը նույնիսկ այնտեղ է հասել, որ քոփիփասթ են անում բլոգերը, մարդկանց մտքերը, օրվա ու առօրեայի նկարագրությունը:
Առայժմ համացանցում գրագողությունը վերահսկելը շատ բարդ է: Բանն այն է, որ այստեղ խոսքը վայրկյանների մասին է, իսկ արդեն արտատպված ինֆորմացիայի հեղինակին բացահայտելը ` երկարատև ու բավական դժվար: